Վախի զգացում ունենում է յուրաքանչյուր մարդ. դա վտանգի գիտակցումն է, ինչը բնական է, սակայն երբեմն վախը վերածվում է ֆոբիայի՝ պայմանավորված տվյալ մարդու գերտագնապայնությամբ: Ֆոբիա նշանակում է ինչ-որ բանի հանդեպ մշտական վախի զգացում, որը մարդը չի կարող կառավարել: Տեսնենք, թե ինչից են վախենում հայ հայտնիները :
Երգչուհի Ջուսը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ֆոբիա ունի միջատներից: Նրա վախն առաջացել է դեռ 5 տարեկանում, երբ որոշել է վառել բզեզին: Միջատի այրման «արարողությունը» երգչուհու լավագույն հիշողություններից չէ, և հենց այդ ժամանակ էլ առաջացել է նրա ֆոբիան: Երգչուհին ասաց, որ մինչ օրս էլ չի կարողանում հանդուրժել բզեզների ներկայությունը: Այս ֆոբիան հաճախ է խանգարում երգչուհուն, հատկապես` բացօթյա համերգների և բնության գրկում հանգստի ժամանակ: Ջուսը դրանից ազատվելու մեծ ցանկություն ունի, սակայն պատրաստակամություն դեռևս չի ցուցաբերում: «Ասում են` ֆոբիայից ազատվելու համար պետք է փորձել անել այն, ինչից վախենում ես: Իմ դեպքում, օրինակ, լինել այնպիսի միջավայրում, որտեղ շատ միջատներ կան, բայց ես պատրաստ չեմ դրան»,- խոստովանեց երգչուհին:
Դերասան Ռաֆոն ֆոբիա ունի բարձրությունից, արագությունից և… Անդոյի հետ հյուրախաղերի ժամանակ գիշերը մենակ մնալուց : Առաջին ֆոբիան դերասանին խանգարում է, օրինակ, քաղաքի որևէ բարձր կետից հիանալ Երևանի համայնապատկերով, իսկ վախն արագությունից առանց բացասական հետևանքների չի մնացել` խթանելով Ռաֆոյի պարտաճանաչությանը:) Հումորիստն ասաց, որ պայմանավորվածություն ունենալու դեպքում բավականաչափ շուտ է դուրս գալիս տանից, որպեսզի մեքենան դանդաղ վարելն ուշանալու պատճառ չդառնա, իսկ ֆոբիաների դեմ պարզապես չի պայքարում. «Ես ինձ ավելի շատ եմ սիրում, և եթե ինչ-որ բան հաճելի չէ, ուղղակի չեմ անում»:
Դերասան Անդոն շատ է վախենում հարազատ մարդ կորցնելուց և իր մահից: Հումորիստն այս երևույթից այնքան է վախենում, որ փորձում է չմտածել դրա մասին` համոզմամբ, որ եթե մի երևույթի մասին շատ ես մտածում, այն կարող է իրականանալ… Այդուհանդերձ, Անդոն ամեն առավոտ մտածում է, որ դա կարող է իր կյանքի վերջին օրը լինել և փորձում ամեն օրը հնարավորինս հետաքրքիր ապրել: Մահվանից ունեցած ֆոբիան հումորիստին ստիպում է խուսափել նաև արագությունից, սակայն Անդոն վախենում է ոչ թե բուն արագությունից, այլ դրա հնարավոր հետևանքներից: Իր ֆոբիայի դեմ պայքարելու միջոցը դերասանը գտել է. «Օրս պետք է շատ յուրօրինակ ու հագեցած անցկացնեմ, որպեսզի ժամանակ չունենամ հիշել մահվան հավանականության մասին»:
Երգչուհի Լուսինե Աղաբեկյանը մինչև 16-17 տարեկանը սարսափելի վախենում էր բարձրությունից: Թեև այդ ֆոբիան նրան մեծ անհարմարություն չէր պատճառում, երգչուհին որոշեց իր մեջ ուժ գտնել ու հաղթահարել այն. «Բարձրանում էի շենքի ամենավերևի հարկը, նայում ներքև ու ինձ տրամադրում, որ վախենալու ոչինչ չկա»,- պատմեց Լուսինեն ու ֆոբիաները հաղթահարելու համար մյուսներին էլ խորհուրդ տվեց անել այն, ինչից վախենում են: Լուսինեն վերջերս շատ բարձր տեղերում հայտնվելու առիթ չի ունեցել, բայց միջին բարձրության վրա հաճախ է լինում ու այլևս չի վախենում:




0 коммент.:
Отправить комментарий